Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզավորման և հնարավոր սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ հնչող մտահոգություններին:
Պատասխանելով Alpha News-ի հարցին, թե տեսականորեն կարո՞ղ է ՀԷՑ-ի կառավարումը թուրքական ընկերություն ստանձնել, օրենսդրության հետ կապված խնդիր չի՞ առաջանա, Մեսրոպյանն ասել է. «Նման օրակարգ չկա՝ ընկերությունը հանձնել թուրքական կողմին կամ վաճառել նրանց: Դրանք օբյեկտիվ հիմք չունեցող թեզեր են, որոնք հնչում են ընդդիմախոսների կողմից: Իրականության մեջ որևէ նման նշան կամ գործընթաց գոյություն չունի»:
Նա նաև պատասխանել է հարցին՝ արդյոք ՀԷՑ-ի դեմ իրականացվող գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները իրավաչա՞փ են. «Մասնագիտությամբ իրավաբան չեմ և միանշանակ կդժվարանամ պատասխանել, բայց նորից պետք է ասեմ՝ իրավական բնույթի հարց եք տալիս, ես կդժվարանամ դա մեկնաբանել։ Ես օրենքն ընդունելուց հետո վարվել եմ այնպես, ինչպես որ պետք է վարվեի»: