Լուսանկարում «կրած» ընդդիմադիրն են տժժում, Վեհափառի դեմ քրգործ հարուցելու հաջորդ օրը․ Նարեկ Մալյան


Սիրելի հանրություն, կարծում եմ կարիք կա պարզ հասկանալի բացատրելու թե ի՞նչ է տեղի ունենում հիմա և ի՞նչ իրավիճակի առաջ ենք կանգնելու հունիսից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ հրապարակելով ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների համատեղ լուսանկարը։ 

Նա նաև գրել է․

«ԱԺ ընտրությունները իրենց փիլիսոփայությամբ, բովանդակությամբ և իհարկե արդյունքով էկվիվալենտ են նախկինում անցկացված նախագահական ընտրություններին: «Մենք չենք պարտվել, որովհետև ԱԺ ընտրություններում մի քանի պրիզ կա» Ռոբերտ Քոչարյանի հայտնի արտահայտությունն ընդամենը արդարացում էր և իրականության հետ որևէ կապ չուներ: Այսօրվա օրենսդրությամբ ԱԺ ընտրություններն ավարտվում են winner take it all սկզբունքով: Հաղթողը տանում է ամեն ինչ, պարտվողի «պրիզը» հաջորդ հինգ տարիներին ԱԺ դահլիճում հրապարակային նվաստացումներն են:

Ընդդիմությունն իր իրական առաքելությունը՝ իշխանափոխությունն իրականացնելու համար պետք է կենտրոնացնի իր ռեսուրսը մեկ ուղղությամբ ինչպես նախկինում արվում էր նախագահական ընտրությունների պարագայում: Կար մեկ ֆավորիտ թեկնածու, իսկ մնացածը լծված էին սպասարկելու այդ թեկնածուի հաղթանակը: Ընդդիմությունից հաղթանակի 2-րդ 3-րդ հավակնող չկար:

2013-ին ֆավորիտը Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ մյուսները կամ լռել էին, կամ սպասարկում էին Րաֆֆիի արշավը:

2008-ին ֆավորիտը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ մյուսները կամ լռել էին, կամ սպասարկում էին Տեր-Պետրոսյանի արշավը:

2003-ին ֆավորիտը Ստեփան Դեմիրճյանն էր ՝ մյուսները կամ լռել էին, կամ սպասարկում էին Ստեփանի արշավը:

1998-ին ֆավորիտը Կարեն Դեմիրճյանն էր՝ մյուսները կամ լռել էին, կամ սպասարկում էին Սերոբիչի արշավը:

1996-ին ֆավորիտը Վազգեն Մանուկյանն էր՝ մյուսները կամ լռել էին, կամ սպասարկում էին Վազգենի արշավը: Երրորդ, չորրորդ, հինգերորդ էշելոնի ընդդիմադիրները հավաքում էին 0-2 տոկոս ձայն ու հիմա նույնիսկ դժվարությամբ կմտաբերեք նրանց անունները: 

Այսօրվա Հայաստանում համապետական ընտրությունները մեկն են: Մեկ ընտրությամբ որոշվում է ով է Հայաստանում լինելու հաջորդ հինգ տարիների իշխանությունը, հետևաբար ընտրությունների ալգորիթմը հուշում է, որ ընդդիմության հաղթանակի համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) պայման է եղած սուղ ռեսուրսը ափռ ցփռ չվատնելու առաջնահերթությունը՝ իրական, անկեղծ, սրտանց միավորումը հաղթանակի նպատակի շուրջ:

Միավորումը անհրաժեշտ է ընտրություններին զուգահեռ համատեղ ջանքերով փողոցային. արդյունավետ պայքար ծավալելու համար:

Ի՞նչ ունենք մենք հիմա.

1. Ֆավորիտ կարծես կա՝ Սամվել Կարապետյանի քաղաքական միավորով:

2. Միասնություն չկա: Ընդդիմադիր այլ ուժերը մերկապարանոց հայտարարություններ են անում, որ իրենք լուրջ ուժեր են ու մասնակցելու են ընտրություններին հիմնական ֆավորիտին ոչ թե աջակցողի, այլ մրցակցողի սկզբունքով: Այս որոշումը փորձում են տարբեր պատճառներով «արդարացնել», սակայն չոր փաստն այն է, որ ընդդիմադիր միավորում չկա:

3. Նախընտրական-հետընտրական փողոցի նախապատրաստություն չկա: Առանց փողոցի գեներացման իշխանափոխության հավանականությունը զրո է: Ընդ որում փողոցը պարտադիր (բայց ոչ բավարար) է իշխանափոխության բոլոր սցենարներում՝ ընտրություն, իմպիչմենտ:

Սա բացատրվում է իշխանափոխության միասնական նպատակի բացակայությամբ, որոշ ընդդիմադիրների կողմից այս ռեժիմի հետ համակերպվելու և հաճույք ստանալու մասին, իսկ տեղ-տեղ արդեն բացահայտ տպավորություն է, որ ընդդիմությունից կա փոխշահավետ համագործակցություն իշխանության հետ:

 
Վերջում երկու դիտարկում՝

1. Եթե նկատել եք, վերջին հինգ տարում ընտրություններին սրտատրոփ սպասած ուժի ներկայացուցիչների հանրային խոսքում իրենց ապագա պարտության պատասխանատվությունն արդեն հիմիկվանից բարդում են հանրության, ընտրողի այսինքն մեր բոլորի վրա: Հաճախ եմ լսում, «սիրելի ժողովուրդ Դուք եք որոշողը», «եթե ընտրեք, կհաղթենք» ու նմանատիպ այլ մանիպուլյացիաներ: Հունիսից հետո լսելու եք, «ժողովուրդն էր մեղավոր» թեզի տարբեր մոդիֆիկացիաները: Սա ժողովրդին խաբելով նույն փոցխի վրա կանգնացնելու փորձ է:

2. Եթե նկատել եք 6 ամիս առաջ, անձրևից հետո սնկերի պես հանկարծ ակտիվացան «եկեք գնանք ընտրությունների» քարոզիչները, որոնք տարիներ շարունակ ու առ այսօր ֆինանսավորվում են իշխանական օլիգարխների կողմից, հանկարծ սկսեցին ընտրությունները որպես միակ լուծում քարոզել, իսկ անհարմար հարցեր տվողներին պիտակավորել նիկոլական և պառակտիչ: Խորհուրդ եմ տալիս թեթև վերաբերվել նմանատիպ դրսևորումներին, նախ այդ մարդիկ դաշտում որևէ ազդեցություն չունեն և ոնց հանկարծ ակտիվացել են, այդպես էլ միանգամից անհետանալու են ընտրությունների հաջորդ օրը , երկրորդ նրանց համար ընտրությունները բերքահավաքի պես բան են՝ հնարավորություն քաղաքական քարոզչության շրջանառվող փողերից անմասն չմնալու: Ցանկացած գյուղացի կվկայի, որ իր համար տարվա ամենաուրախ շրջանը բերքահավաքն է: Денги не пахнут:

Հ.Գ. Լուսանկարում «կրած» ընդդիմադիրն են տժժում, Վեհափառի դեմ քր գործ հարուցելու հաջորդ օրը:
Առայժմ այսքանը»։

Leave a Comment