
Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մայրն այսօր՝ որդու մահվան երկրորդ տարելիցին, արդարության կոչ է արել՝ շարունակելով պնդել, որ Նավալնիին բանտում թունավորել են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատը մահացել է 2024 փետրվարի 16-ին Արկտիկայի բանտային գաղութում, որտեղ նա կրում էր իր պատիժը՝ դատապարտված լինելով 19 տարվա ազատազրկման։
Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները երկու օր առաջ հայտարարություն տարածեցին՝ պնդելով, որ Նավալնին սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից: Հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել՝ հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ հերքեց դա՝ ասելով, թե «բոլոր նման պնդումները զուտ քարոզչություն են, որոնք ուղղված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելուն»: «Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն և նյութերի բանաձևերը բացահայտվեն, մենք համապատասխան մեկնաբանություններ կանենք», – ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան։
Մինչդեռ այսօր Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, որդու շիրմի մոտ լրագրողների հետ զրույցում պնդել է, որ իրենք հենց սկզբից գիտեին, որ իր որդին «բանտում պարզապես չի մահացել, նա սպանվել է»։
«Վստահ եմ, որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք կիմանանք՝ ով է դա արել: Բնականաբար, մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա մեր երկրում, և ուզում ենք, որ արդարությունը հաղթի», – ասել է ընդդիմադիր գործչի մայրը։
Այսօր առավոտյան տասնյակ մարդիկ են այցելել Նավալնիի գերեզման, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներ։