ԱՄՆ-ն հրապարակել է Էփշտեյնի ֆայլերում հայտնված 300 հայտնիների ցուցակը, նրանց թվում է Քիմ Քարդաշյանը

ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ֆայլերում տեղ գտած ավելի քան 300 հայտնի գործիչների անունների ցուցակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Նամակում նշված են բոլոր նախկին և ներկա պաշտոնյաները կամ քաղաքական նշանակություն ունեցող անձինք, որոնց անունները գոնե մեկ անգամ հիշատակվել են Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նյութերում: Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, երաժիշտներ Կուրտ Քոբեյնը և Բրյուս Սփրինգսթինը, ինչպես նաև այլ հայտնիներ:

Գլխավոր դատախազի նամակի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել է բոլոր «գրառումները, փաստաթղթերը, հաղորդումները և հետաքննության նյութերը», որոնք գտնվում են իր տրամադրության տակ ու ընկնում են ինը կատեգորիաների տակ, ներառյալ մարդկանց առևտրի մասին տվյալները, փաստաթղթերը թաքցնելու փաստերը և այլն»:

Էփշտեյնը կալանավորվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Դատախազությունը հայտարարել է վկայությունների առկայության մասին, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է եղել: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակը ներառում էր մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև շատ այլ երկրներում (ներառյալ նախկին պետությունների ղեկավարները), խոշոր ձեռնարկատերեր և շոու բիզնեսի աստղեր: ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին բանտախցում նրա ինքնասպանությունից հետո:

Leave a Comment