Սիմոնյան. Կվերադառնան, բոլորն են վերադառնալու

Սիմոնյան. Կվերադառնան, բոլորն են վերադառնալու

14 փետրվարի 2026 – 13:45 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան։ Նա հավելել է, որ բոլորն են վերադառնալու:

Նա չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, նշելով, որ դեռևս չի ծանոթացել այդ հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ Կվերադառնան, բոլորն են վերադառնալու։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, էլի կային մարդիկ, որոնք համարվում էին չվերադարձողների ցուցակում, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել դրան: Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,– ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը` նշելով, որ հայկական կողմը շարունակելու է աշխատանքը նրանց ազատ արձակման ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆոն»:

«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատել ենք և կշարունակենք աշխատել»,–ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ գերիների հարցը բարձրացնում են ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլև տարբեր այլ ձևաչափերով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»:

Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է:

Leave a Comment