«Թղթե» հռչակագրերից մինչև «Firebird» կամ Հարավային Կովկասի ամերիկյան վերաձևումը

«Թղթե» հռչակագրերից մինչև «Firebird» կամ Հարավային Կովկասի ամերիկյան վերաձևումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ստրատեգիական գործընկերության խարտիա։ Հայաստանը ԱՄՆ-ի հետ նման փաստաթուղթ ստորագրել էր մեկ տարի առաջ՝ 2025 թ․ հունվարին։

Երկու ռազմավարական փաստաթղթերը, զուտ տեքստային համեմատության մեջ, ունեն արմատական տարբերություններ, սակայն ամեն ինչ միանշանակ չէ․․․

1․ Անվտանգություն և ռազմական կոմպոնենտ 

Ադրբեջանի հետ հռչակագիրն աչքի է ընկնում բարձր կոնկրետությամբ՝ պաշտպանական նշանակության արտադրանքի ուղիղ վաճառքի հնարավորությամբ։ Հայաստանի պարագայում փաստաթուղթն ի սկզբանե ավելի շատ շեշտում էր պաշտպանական և անվտանգային ինստիտուցիոնալ բարեփոխումները և ռազմակրթական աջակցությունը։ Բայց սա ավելի շատ արտահայտում է Հայաստանին հատկացվող դերի հարցում ԱՄՆ նախկին և գործող վարչակարգերի մոտեցումների տարբերությունը։ Վենսի այցի ընթացքում հայտնի դարձավ Հայաստանին 11 մլն դոլարի V-BAT ԱԹՍ-ների տրամադրման գործարքի և FMS (Foreign Military Sales) ծրագրի մեկնարկի մասին։

ԱԹՍ-ների գործարքի թվային արտահայտությունը կարելի է ինչ-որ իմաստով սիմվոլիկ համարել։ Բայց դա հայկական օրակարգին հաղորդեց այն որոշակիությունը, որը բացակայում էր Հայաստանի հետ կնքված հռչակագրում։ Մնում է հասկանալ՝ հարավկովկասյան ռազմական մատակարարումները ԱՄՆ-ի համար զուտ բիզնե՞ս շահեր են հետապնդելու, ինչում Ադրբեջանն ակնհայտորեն առավելություն է ստանալու, թե՞ զսպողական, որտեղ Հայաստանի դիրքերը կարող են ամրապնդվել։

2․ Էներգետիկա. խողովակաշարերն ընդդեմ «միջուկի» 

Այս ոլորտում ամերիկյան ֆոկուսը Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն են և կոմերցիոն տարանցման պոտենցիալը։ «TRIPP»-ը, «Միջին միջանցքի» կոնցեպտը ԱՄՆ-ի համար արժևորվում են Ադրբեջանով այնքանով, որ այդ երկիրը իր դիրքով և ենթակառուցվածքների պատրաստվածության վիճակով ավելի շահեկան դիրքում է։ Սակայն Հայաստանի հետ «123 համաձայնագրի» ստորագրումը և փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում 9 մլրդ դոլարի խոստացված ներդրումը նշանակում է Հայաստանի լիակատար էներգետիկ անջատում ռուսական տեխնոլոգիական շղթայից և երկարատև կապվածություն ամերիկյան տեխնոլոգիաների հետ։

3․ Ժողովրդավարություն և ինստիտուտներ Ադրբեջանական խարտիայում.

Այս բաժինը գրեթե բացակայում է՝ տեղի տալով փոխադարձ ռեալ, շոշափելի ակնկալիքներին։ Հայաստանի հետ կնքված փաստաթղթում, սակայն, այն առանցքային է։ Այնտեղ նշվում է նաև վիզային գործընթացի դյուրացման մտադրությունը, ինչը լուրջ առավելություն է ՀՀ քաղաքացիների համար: Սակայն Վենսի և Փաշինյանի երևանյան հայտարարություններում այս կոմպոնենտը նոր երանգավորում ստացավ. ժողովրդավարությունը դիտարկվում է ոչ թե որպես ֆոն, այլ որպես վստահելիության երաշխիք՝ NVIDIA-ի նման գերհզոր չիպեր և բարձր տեխնոլոգիաներ ստանալու համար՝ իհարկե, որպես նախադրյալ ունենալով նաև Հայաստանի մտավոր ներուժը։

Սակայն հռչակագրերը սոսկ շրջանակավորում են որդեգրված ուղղությունները։ Դրանց իրական կշիռն այն նախագծերն են, որոնք մշակվում են իրական հողի վրա։

Այս իմաստով TRIPP նախագիծը ԱՄՆ տարածաշրջանային չափումներում առանցքային գործոն է։ Ադրբեջանական փաստաթղթում այն հիշատակվում էր որպես Նախիջևանի հետ կապ։ Հայաստանի հետ հռչակագրում խոսվում է ավելի լայն համատեքստի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Ամերիկյան տեսլականում TRIPP-ը դիտարկվում է որպես «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ։ Հայաստանը հաջողել է TRIPP-ը ներկայացնել որպես սեփական «Խաղաղության խաչմերուկի» իրագործման գործիք՝ ամերիկյան մասնավոր կապիտալի ներգրավմամբ։ Ահա թե ինչու է ԱՄՆ-ն ստանձնում ենթակառուցվածքների կառուցման և ֆինանսավորման պատասխանատվությունը։ Հայաստանի շահն այստեղ արևմտյան և հատկապես ամերիկյան կապիտալի ֆիզիկական ներկայությունն է, ինչն ավելի զորեղ անվտանգային երաշխիք է, քան ցանկացած փաստաթուղթ։

Մյուս կարևորագույն զարգացումը, Հայաստանի հետ 2025 թ․ սկզբին կնքված ռազմավարական փաստաթղթի համեմատ, բարձր տեխնոլոգիաների «Firebird» մեգանախագծի իրականացումն է: Սա այն կետն է, որտեղ Հայաստանը շրջանցում է Ադրբեջանին։ NVIDIA-ի չիպերի արտահանման թույլտվությունը և Հայաստանում AI գործարանի կառուցումը հայկական կողմի համար ստեղծում են որակական առավելություն, որը հիմնված է ինտելեկտուալ, այլ ոչ թե հումքային ռեսուրսի վրա։

Հավասարակշռության ամերիկյան բանաձևը 

Վաշինգտոնը տարածաշրջանում ստեղծում է բարդ, բայց կայուն հավասարակշռություն՝ «ռեսուրսներ՝ տեխնոլոգիաների դիմաց» բանաձևով։

ԱՄՆ-ն Ադրբեջանին հավասարակշռում է՝ թույլ տալով նրան մնալ տարածաշրջանային էներգետիկ դոնոր և բացելով ռազմական գործարքների հնարավորություն։ Սակայն միևնույն ժամանակ Հայաստանին ԱՄՆ-ն տալիս է «ապագայի զենքեր»՝ միջուկային էներգետիկա, AI ենթակառուցվածքներ և բարձր տեխնոլոգիական զսպման միջոցներ։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ընդունել են խաղի այս նոր կանոնները։ Հայաստանի շահերի տեսանկյունից սա հաղթանակ է այնքանով, որ ժողովրդավարական «թղթե» աջակցությունը վերջապես փոխակերպվում է «հողի վրա» միլիարդավոր դոլարների ներդրումների և պաշտպանական կոնկրետ գործարքների։

Հավասարակշռության առանցքն էլ, կարծես, որոշակիանում է․ եթե Ադրբեջանը Վաշինգտոնի համար կարևոր է այսօրվա էներգետիկ հոսքերի համար, ապա Հայաստանը դառնում է ռազմավարական հարթակ՝ տարածաշրջանում ամերիկյան տեխնոլոգիական և էներգետիկ ապագայի համար։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment