Գլխավոր դատախազությունը Իշխան Սաղաթելյանից և Լիանա Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 267.4 միլիոն դրամ որպես ապօրինի ծագում ունեցող գույք

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 30-ին փոստով ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումը Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի, Լիանա Խաչատրյանի, Վաչիկ Սաղաթելյանի, Բալասան Սաղաթելյանի, Նաիրի Սաղաթելյանի, Մեդեա Սաղաթելյանի և «Նարվեստ» գյուղատնտեսական կոոպերատիվի դեմ: Հայցադիմումը փետրվարի 2-ին հանձնվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին: Դատախազությունը ներկայացնում է Արման Մանուչարյանը: Այս մասին Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից և Լիանա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 264.516.668 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 2.914.583 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ընդհանուր հայցագինը կազմում է 267.431.251 ՀՀ դրամ:

2026 թվականի փետրվարի 4-ին դատավոր Աշխեն Ղարսլյանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ: Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հայցադիմումին կից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ: Միջնորդությամբ պահանջվել է 9.284.408 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող գույքի վրա:

Դատախազությունը միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառմամբ 258.146.843 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող գույքերի վրա: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լ.Դրմեյանի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ այդ նախնական ապահովման միջոցները կիրառվել էին դեռևս հայցադիմումը վարույթ ընդունելուց առաջ:

Քանի որ հայցադիմումով Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին ներկայացվել է 267.431.251 ՀՀ դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ, իսկ արդեն կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների չափը կազմում է 258.146.843 ՀՀ դրամ, ապա առկա է անհրաժեշտություն հայցի ապահովման միջոցներ կիրառել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող և ապօրինի չդիտարկված նաև այլ գույքերի նկատմամբ՝ 9.284.408 ՀՀ դրամի չափով:

Դատախազությունը հիմնավորել է, որ հայցադիմումում կատարված հաշվարկի արդյունքում ձեռք են բերվել Բալասան և Թագուհի Սաղաթելյաններին վճարված աշխատավարձերի չափերի մասին տեղեկություններ, ստացվել են այն տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքների վերաբերյալ տվյալներ, որոնք բացակայել են, ինչպես նաև հաշվարկում ներառվել է ապօրինի եկամտից սպառողական զամբյուղի ապահովմանն ուղղված ծախսի վերաբերյալ տվյալները:

2026 թվականի փետրվարի 4-ին դատավոր Աշխեն Ղարսլյանը քննել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշում է կայացրել այն բավարարել: Որոշմամբ 9.284.408 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող գույքի վրա:

Դատարանը հիմնավորել է, որ հայցագնի դրամական բնույթը, հայցագնի չափը, հայցագնի և հայցվող հայցի ապահովման ծավալի հարաբերակցությունը ողջամտորեն վկայում են հայցվող հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքի առկայությունը: Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Տրվել է կատարողական թերթ, –  տեղեկացնում է Iravaban.netը։






Կարդացեք նաև՝


Leave a Comment