2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով՝ 20,4%-ով

Փետրվարի 13-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2025 թվականին կատարած աշխատանքներն ու գրանցված արդյունքները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

2025 թվականի հունիսի 5-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, շեշտը դրվել է թմրամիջոցների ներմուծման, արտադրության դեպքերի և խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4%-ով (3․017-3․631)։ Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք (1.933-2.176)։
2025 թվականի ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (2024թ․՝ 426 կգ)։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման գործում զգալի դեր ունի նաև Պարեկային ծառայությունը, որի կողմից 2025 թվականին հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2․414 դեպք (1․866), առգրավվել է շուրջ 32 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։
ՊԵԿ-ի հետ համագործակցության արդյունքում խստացվել է փոստային առաքումների իրականացման կարգը, մասնավորապես, հստակեցվել են առաքանիներ ուղարկողների և ստացողների նույնականացման չափորոշիչները։ Բացի այդ, բանավոր համաձայնություն է ձեռք բերվել բեռնափոխադրող ընկերությունների հետ՝ մասնավոր անձանց համար դեղահաբերի ներմուծում չիրականացնելու վերաբերյալ։ Արդյունքում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տարբեր խմբաքանակներով ներմուծման դեպքերը կրճատվել են 97-ով կամ 30,1%-ով (322-225), իսկ իրավապահ համակարգը կենտրոնացել է խոշոր խմբաքանակների հայտնաբերման աշխատանքների վրա։ Այսպես, ՊԵԿ գործընկերների հետ համատեղ միջոցառումների արդյունքում միայն Մեղրիի անցակետով ներկրված մաքսանենգ թմրամիջոցների խոշոր առգրավումների հանրագումարը կազմել է շուրջ 130 կգ՝ նախորդ տարվա 40 կգ-ի դիմաց։
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ ունեցել ենք թմրամիջոցների ներմուծման դեպքերի կրճատում, բայց առգրավման ծավալների մեծացում, ինչը բխում է մեր քաղաքականությունից՝ կենտրոնանալ թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա՝ ի սկզբանե շրջանառությունից դուրս բերելով մեծ խմբաքանակները և բացառելով դրանց փոքր խմբաքանակներով հետագա տարածումը հանրապետությունում։

Leave a Comment