2025 թվականի ընթացքում արձանագրվել է 4․784 ճանապարհատրանսպորտային պատահար․պատահարների թիվն աճել է 470-ով

Փետրվարի 13-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2025 թվականին կատարած աշխատանքներն ու գրանցված արդյունքները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

2025 թվականի ընթացքում արձանագրվել է 4․784 ճանապարհատրանսպորտային պատահար՝ նախորդ տարվա 4․314-ի դիմաց։ Պատահարների թիվն աճել է 470-ով կամ 10,9%-ով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին նպաստել է հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի աճը:
Բայց անգամ այս համատեքստում, 2025 թվականին՝ շուրջ 1 մլն-ի հասնող տրանսպորտային միջոցի պարագայում, 50-ով կամ 15 %-ով նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը (333-283), իսկ 2024 և 2025 թվականների մեր հետևողական աշխատանքի արդյունքում խնայվել է 95 կյանք։
Այսպիսով, արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազել է ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը, ինչն առաջին հերթին փաստում է պարեկային ծառայության գործունեության արդյունավետության մասին, ինչպես նաև վկայում՝ վարորդների մոտ վարքագծային փոփոխությունների և պատժի անխուսափելիության զգացման մասին։
Անվտանգային մշակույթի ձևավորմանը նպաստել են նաև Պարեկային ծառայության կողմից ցուցաբերված հետևողական աշխատանքը, ինչի շնորհիվ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկվել է ընդհանուր 5․435 անձ (2024թ․՝ 5․696):
Շարունակելով մի շարք կարևոր ցուցանիշների ներկայացումը՝ նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14․747 դեպք (2024թ․՝ 11․695), որից՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 2․414 (1․866), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառության՝ 208 (196), կաշառքի՝ 13 (20), խուլիգանության՝ 136 (146), գողության՝ 60 (82), ձկնագողության՝ 10 (9) և այլ դեպքեր։ Ջրային պարեկային ծառայության կողմից առգրավվել է ապօրինի որսած ավելի քան 2,5 տոննա ձուկ։
Պարեկային ծառայողների կողմից կազմվել է շուրջ 1․000․000 վարչական իրավախախտման արձանագրություն (2024թ․` 937․507), որից՝ 230․749-ը՝ առանց ամրագոտի երթևեկելու (188․453), 11․198-ը՝ առանց մանկական նստատեղի երեխային փոխադրելու (5․451), 108․576-ը՝ արագության գերազանցման (82․051), 21․281-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու (20․268) դեպքեր են և այլն։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս իրականացվում են կարևոր օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ՝ ուղղված բնակչության պաշտպանության համակարգի արդիականացմանը, կանխարգելման կարողությունների ամրապնդմանը և արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքներ են տարվում աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը մշակելու ուղղությամբ՝ աղետի հետևանքով հնարավոր կորուստների և վնասների նվազեցման նպատակի հաշվառմամբ։

Leave a Comment