Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացվել են «կանխամտածված» հրթիռային հարվածներ, չեն համապատասխանում իրականությանը։ Մոսկվայում նշել են, որ Բաքուն նախկինում ստացել է անհրաժեշտ պարզաբանումներ այս հարցերի վերաբերյալ։ Այս մասին РБК -ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
«Ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ Ուկրաինայում երկրի դեսպանատան վնասման վերաբերյալ։ Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին «արտահայտվել է անկեղծ ափսոսանք Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի և տարածքի վնասման կապակցությամբ»։ «Միաժամանակ նշվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքային համալիրի վնասումները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով», – հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
«Հարվածների պլանավորման ընթացքում իրականացվում է մարտական կիրառման տվյալների մանրակրկիտ վերահսկում՝ քաղաքացիական բնակչությանը վնաս չհասցնելու նպատակով, հաշվի են առնվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման վայրերը», – ընդգծել են նախարարությունում։
