Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլը և զարգացման ուղիները

Փետրվարի 13-14-ին Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, ասվում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Մասնակիցները քննարկել են նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործումը և դրա տարածաշրջանային հետևանքները։

«Կարծիքներ են փոխանակվել երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաև այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարելի է ապահովել, որ խաղաղության գործընթացը քաղաքացիների համար ապահովի շոշափելի արդյունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնակիցները հանդիպումներ են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։

Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ Ոսկեպար և Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքում՝ «անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»։ Ադրբեջանական պատվիրակությունը վերադարձել է նույն սահմանազատված հատվածով։

Սա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր 2025 թվականի հոկտեմբերին կայացած ադրբեջանական պատվիրակության այցից հետո։

Leave a Comment