Իտալիան Գազայի Խաղաղության խորհրդին կմիանա որպես դիտորդ – Armenia Today

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կմիանա Գազայի Խաղաղության խորհրդին որպես դիտորդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հրավեր ենք ստացել որպես դիտորդ և սա համարում ենք լավ որոշում՝ հաշվի առնելով մեր սահմանադրության հետ կապված խնդիրները, որոնք մեզ խանգարեցին միանալ Խաղաղության խորհրդին: Մենք կընդունենք այս հրավերը՝ մասնակցելու որպես դիտորդ երկիր»,- ասել է նա։

Նա պարզաբանել է, որ մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետը կարող է մասնակցել Խաղաղության խորհրդի նիստին Վաշինգտոնում փետրվարի 19-ին։

Իտալիան հրավեր էր ստացել, բայց չի միացել Խորհրդին՝ վկայակոչելով ինքնիշխանության հավասարության վերաբերյալ որոշակի սահմանադրական դրույթների հետ Խորհրդի կանոնադրության անհամապատասխանությունը։

Հունվարի 22-ին 19 երկրի ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել էին Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհրդի կազմում է նաև Հայաստանը։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Գազայի Խաղաղության խորհրդին։

Leave a Comment