2026 թվականի փետրվարի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Ծաղկաձոր քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որը համախմբել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախաձեռնության հիմնական անդամների հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել է նաև երկու կողմերից ավելի լայն շրջանակ՝ վերահաստատելով ներառական և շարունակական երկխոսության հարթակի նկատմամբ հանձնառությունը։ Փետրվարի 13-14-ի հայ-ադրբեջանական համաժողովի արդյունքների վերաբերյալ հայտնում են Հայկական խորհրդից։
«Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ հայկական Ոսկեպար և ադրբեջանական Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքում՝ անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Մասնակիցների գնահատմամբ անցումը կարևոր գործնական վստահության ամրապնդման միջոց էր և երկու երկրների միջև աստիճանական կարգավորման գործընթացի տեսանելի դրսևորում։
Քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործման և դրա տարածաշրջանային հետևանքների շուրջ։ Մասնակիցները փոխանակել են գնահատականներ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի և խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։
Առանձին նիստ նվիրված է եղել երկխոսության մասնակիցների միջև համագործակցությանը․ քննարկվել են համատեղ ծրագրերի գաղափարներ, հանրային հաղորդակցության ռազմավարություններ և միջհասարակական փոխգործակցության մեխանիզմներ։ Զգալի ուշադրություն է դարձվել վստահության ամրապնդմանը, հանրային դիվանագիտությանը և գործնական առաջարկությունների մշակմանը՝ հասարակական մակարդակում կապեր խթանելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։