Մինչև 21 տարեկանների կարատեի Եվրոպայի 54-րդ առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում, հայտարարվել է Լիմասոլում կայացած 53-րդ առաջնության փակման պաշտոնական արարողության ժամանակ։
Միջոցառման ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Եվրոպայի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին:
Եվրոպայի Մ21 առաջնության շրջանակում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև մրցավարական և մարզչական ոլորտներում։ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը հաջողությամբ հանձնել է մրցավարական որակավորման քննությունը և ստացել EKF Referee B միջազգային որակավորում։ Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը ևս ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում։
Եվրոպայի պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը։
2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել էր նաև կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին մասնակցել էր 54 երկրի շուրջ 1000 մարզիկ:
