ՇՄՆ-ն հայտնել է փետրվարին օդում փոշու թույլատրելի խտության գերազանցումների մասին

Երևանի մի շարք վարչական շրջաններում 2026 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել են մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի խտության գերազանցումներ, տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ՊՈԱԿ-ից։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում փոշու մակարդակի գերազանցում դիտվել է ամբողջ շաբաթվա ընթացքում։

Արաբկիրում գերազանցումներ արձանագրել են փետրվարի 4-ին և փետրվարի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 6-ին։ Շենգավիթում այս ցուցանիշի գերազանցում չեն գրանցվել։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի խտության գերազանցում գրանցել են Արաբկիրում փետրվարի 6-ին։ Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ շրջաններում ազոտի երկօքսիդի մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։ Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտային օդում նշված ժամանակահատվածում Երևանի բոլոր վարչական շրջաններում չի գերազանցել թույլատրելի արժեքները։

Վերջին տարիներին Հայաստանի քաղաքների օդի աղտոտվածության ցուցանիշները հաճախ տատանվում են՝ կախված օդերևութաբանական պայմաններից, ավտոտրանսպորտի հոսքից և արդյունաբերական օբյեկտների գործունեությունից։ Ընդ որում, ձմեռային ժամանակահատվածում փոշու և ազոտի օքսիդների գերազանցումներն ավելի հաճախակի բնույթ ունեն։

2025-ի նոյեմբերի 24-ին քաղաքապետարանի նիստում Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի որակի վատթարացումը պայմանավորված է ոչ թե շինարարությամբ, այլ թունավոր հրկիզումներով, հրդեհներով և փայտով ջեռուցվող տներից արտանետումներով։

Leave a Comment