Վարդևանյան․ Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ

Վարդևանյան․ Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ

14 փետրվարի 2026 – 10:54 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ գործարար և բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ՝ շեշտելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախադեպեր արդեն եղել են։

«1)Վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը:

2)Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ:

3)Վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը կարող է փոփոխել պարզ ընթացակարգով:

ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին:

Անդրադարձել եմ նաև այլ հարցերի:

Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է գրառման մեջ:

Վարդևանյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխության անթույլատրելիության թեման սկսվել է շրջանառվել այն պահից, երբ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ճանապարհը, որով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ կամ վարչապետի թեկնածու, Սահմանադրության փոփոխությունն է։

Փաստաբանը պարզաբանել է, որ Սահմանադրության փոփոխությունը տեղի են ունենում տարբեր եղանակներով, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ Սահմանադրության փոփոխությունն ԱԺ 2/3-ի կողմից, որը ներդրվել է 2015 թ․ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Վարդևանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ և երկու երրորդի կողմ ձայներով կատարվել է Սահմանադրական փոփոխություն։

Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հայտարարելով, որ Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հայտնում է Panorama.am-ը:

«Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, տվյալ դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու:

Հետևաբար ինչ ասում եք, պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,-ասել է նա:

Նա նաև ասել է, որ Հայաստանի օրենսդրությամբ քաղաքացիները կարող են ստեղծել կուսակցություններ։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել գրառմամբ` նշելով, որ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել:

«Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ։

Մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի իրականացնենք այն մեծ փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը ունի՝ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։

Փաշինյանն այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից, որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս։ Հակառակ դեպքում հենց նա կպատասխաներ նրան այսպես»,-գրել է նա։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։

«Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա:

Leave a Comment