Գագիկ Ծառուկյանին և կնոջը մեղադրանք է առաջադրվել դատական ակտի պահանջները չկատարելու գործով

«Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանին և կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել օրինական ուժի մեջ մտած, դատական ակտ հանդիսացող ՀՀ հակակոոուպցիոն դատարանի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշման պահանջները չկատարելու համար, տեղեկանում ենք Datalex-ից։

Ըստ գործի՝ որպես հայցի նախնական ապահովման միջոցներ նրանց արգելվել է Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98,03 % բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը։

Նշվում է, որ 2024 թվականի մարտի 8-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստ, որին Ծառուկյան ամուսինները ներկայացված էին իրենց լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի միջոցով։ Նիստում որոշվել է բավարարել Ծառուկյանների դիմումները և նրանց որպես բաժնետեր ազատել, ինչպես նաև բավարարել Գագիկ Սայադյանի և Ցվետանկա Վալչևայի դիմումները և վերջիններին ընդունել որպես բաժնետեր:

Դրանից հետո, Ծառուկյանները, հանդես գալով իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 2024 թվականի մարտի 8-ին Սոֆիայում կնքված պայմանագրով ընկերության իրենց բաժնեմասերը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանն իր 90 %, իսկ Ջավահիր Ծառուկյանը՝ 10 % բաժնեմասը, շուրջ 10.491.138.000 ՀՀ դրամին համարժեք 23.850.000 եվրո գումարով վաճառելու միջոցով օտարել են Սայադյանին և Վալչևային։

Leave a Comment