Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով, հայտարարել է Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չտա, որպեսզի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը տեղափոխվեն երկրից դուրս։
«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– ասել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ թույլ չի տա նման բան և լրացուցիչ միջոցներ կկիրառի նման քայլերից հակազդելու համար։
«Բարերարների դիմակի ներքո թաքնվածները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները… Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով», – հայտարարել է վարչապետը։
Ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում հրավիրել էր Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների հավաք։
Ինչպես հայտնել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, ի սկզբանե հավաքը նախատեսվում էր անցկացնել 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը Էջմիածնում, սակայն այն տեղափոխվել էր՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոգևորականների նկատմամբ ճնշումներն ու կալանքները։ Հավաքը նախատեսված էր նվիրել ՀԱԵ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ներեկեղեցական հարցերի քննարկմանը: