Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ-ը ԱԱԾ-ն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարի զննման արդյունքում նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316,4 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Վ․Թ․-ն։ Վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 316,4 գրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը:
Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի: Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։
Ձերբակալվածներ Ա․Ք․-ն և Ս․Ք․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա խուզարկություններ են իրականացվել ձերբակալված անձանց բնակության վայրերում։
Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
