Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր C լիգայի 2-րդ զամբյուղում: Մեր ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը:
ՀՖՖ հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները:
Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է. «Գոհ ենք վիճակահանությունից: Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են: Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը: Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն էլ ընդգծել է, որ հետաքրքիր հանդիպումներ են լինելու. «Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»:
Մեր ընտրանին պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի Լիգայի C Լիգային.
Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26
Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29
Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3
Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6
Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14
Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17
A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30
A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30
Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13
C/D փլեյ-օֆֆ՝ 2028 թվականի մարտի 23-28