13 փետրվարի 2026 – 16:51 AMT
PanARMENIAN.Net – Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարտիսալու-Կահարայի գործունեությունը Թբիլիսիում դադարեցվել է։ Համապատասխան որոշումը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
Որոշման համաձայն՝ դիվանագետը, որի նստավայրը մինչ այժմ գտնվել է Թբիլիսիում, մարտ ամսից իր գործունեությունը շարունակելու է Երևանում, գրում է APA-ն:
Փոփոխությունների պատճառ է նշվել Էստոնիայի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։ Մարգե Մարտիսալու-Կահարան մարտի 10-ին կավարտի իր առաքելությունը Վրաստանում։
Մինչ նոր դեսպանի նշանակումը Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը ղեկավարելու է գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը չի հայտնել, թե երբ է նշանակվելու Վրաստանում նոր դեսպան։
Էստոնիայի դեսպանատունը Հայաստանում բացելու մասին որոշումը ընդունվել է 2025-ի նոյեմբերին։ Ակնկալվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը մարտին սկսել է աշխատանքը։
Էստոնիայի դեսպանատունը Վրաստանում բացվել է 2006 թվականին, իսկ Վրաստանի դեսպանատունը Էստոնիայում՝ 2007 թվականին։ Ներկայումս Վրաստանը Էստոնիայում դեսպան չունի։