13 փետրվարի 2026 – 16:32 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ԱՄՆ մտադրությունը, նշել է, որ ամերիկյան կողմը մշտապես ներկայացնում է գրավիչ բիզնես առաջարկներ, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ում նման որևէ ռեակտոր չի կառուցվել։
«Այո, ԱՄՆ-ում կան մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ։ Այո, բոլորն ունեն շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ։ Սակայն, ինչպես ասում են, կան նրբություններ… մինչ այժմ ամերիկացիների կողմից ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր անգամ չի կառուցվել, էլ չենք խոսում դրա գործարկման կամ առավել ևս արդյունաբերական շահագործման փորձի մասին։ Ընդգծեմ՝ ոչ մի», – ասել է Շոյգուն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ-ն սեյսմավտանգ երկիր է: Նրա խոսքով՝ եթե Հայաստանում SMR-ների կառուցման նախագիծը անցնի գործնական փուլ, ապա Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս պետությունները պետք է հաշվի առնեն միջուկային անվտանգության ոլորտում առաջացող նոր ռիսկերը։
«Ըստ էության, պետք է ելնել նրանից, որ մեր կողքին, սեյսմիկորեն վտանգավոր գոտում, իրականացվելու են ամերիկյան փորձարկումներ ատոմային տեխնոլոգիաների ոլորտում։ Հետևաբար՝ այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, սակայն հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում երկրաշարժի հետևանքով վնասվել էին հենց ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման», – հավելել է նա։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է, որ հրապարակային դաշտում նույնիսկ չի նշվել արտադրվող էներգիայի մեկ մեգավատտ-ժամի նույնիսկ մոտավոր գինը, մինչդեռ այդ ցուցանիշը սկզբունքային նշանակություն ունի։
«Եթե խոսքը վերաբերում է NuScale Power ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլներին, ապա հենց էներգիայի բարձր արժեքն է դարձել Յուտա նահանգում դրա նախագծի ձախողման պատճառը։ Դեռևս նախապատրաստական փուլում արժեքը աճել է մեկուկես անգամ, իսկ նախատեսվող արտադրվող էներգիայի գինը մեկ մեգավատտ-ժամի համար 58 ԱՄՆ դոլարից բարձրացել է մինչև 89 ԱՄՆ դոլար, ինչը և հանգեցրել է նախագծի փակմանը 2023 թվականին», – նշել է նա։
Բացի այդ, Շոյգուն նշել է, որ ԱՄՆ-ն չի տիրապետում օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման տեխնոլոգիաներին։ Նրա խոսքով՝ եթե նախագիծը Հայաստանում իրականացվի, օգտագործված վառելիքը պահվելու է հանրապետության տարածքում։
Պատասխանելով Ռուսաստանի կողմից հնարավոր առաջարկների մասին հարցին՝ Շոյգուն ասել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ «Ռոսատոմը» առաջատար է արտերկրում ԱԷԿ-ների կառուցման նախագծերի թվով՝ կազմելով համաշխարհային շուկայի մոտ 90 տոկոսը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման եզակի փորձ։
«Չբացահայտելով մանրամասներ՝ կասեմ, որ պայմանները չափազանց շահավետ են, իսկ տեխնոլոգիաները՝ ամենաառաջադեմը, և դրանց հուսալիությունը ապացուցվել է բազմամյա շահագործմամբ։ Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ ընդունելիս կգերակշռի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահը, այլ ոչ թե «մայրիկին հակառակ ականջներս կսառեցնեմ» ասացվածքի ոգուն համապատասխան մտածելակերպը», – ասել է Շոյգուն։
Փետրվարի 9-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակում Միացյալ Նահանգները պատրաստվում են Հայաստանին մատակարարել փոքր մոդուլային ռեակտորներ։ Նա նաև ներկայացրել է ծրագրի գնահատվող արժեքը՝ 9 միլիարդ դոլար՝ 5 միլիարդ դոլար փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման համար և 4 միլիարդ դոլար՝ վառելիքի մատակարարման և ռեակտորների երկարաժամկետ սպասարկման համար։