13 փետրվարի 2026 – 15:35 AMT
PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցում տարածվող հայտարարությունները վիճակագրությամբ չեն հիմնավորվել։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում ակտիվորեն տարածվել են խոսակցություններ, թե դպրոցներում թմրամիջոցներ են «վխտում» և դրանց իրացմամբ զբաղվող խմբեր են գործել՝ ներգրավելով անչափահասների։
«Մեր վիճակագրական պատկերը դրա մասին չի խոսում»,-նշել է նախարարը։
Սարգսյանի փոխանցմամբ՝ նախարարությունը մարտավարական փոփոխություն է իրականացրել և ուսումնասիրել է համացանցում առկա գրառումները։ Յուրաքանչյուր նման հրապարակման դեպքում իրավապահները փորձել են կապ հաստատել դրանց հեղինակների հետ՝ խնդրելով տրամադրել կոնկրետ տեղեկություններ կամ առնվազն նշել, թե որ դպրոցի մասին է խոսքը։
«Եթե չեն ցանկանում պաշտոնական հաղորդում ներկայացնել, գոնե մեզ տվյալներ փոխանցեն, որպեսզի կարողանանք ստուգել։ Բայց մենք ունենք զրո հաղորդում և զրո տվյալի փոխանցում դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցային գրառումների համատեքստում»,-հայտարարեl 1 նախարարը։
Նրա գնահատմամբ՝ թեման հաճախ քննարկվել է իներցիայով՝ առանց փաստական հիմքերի, ինչը կարող է հանգեցնել ամբողջ սերնդի պիտակավորմանը։
Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ առանձին դեպքեր կարող են լինել, և իրավապահները յուրաքանչյուր կոնկրետ փաստի ուղղությամբ պետք է հետևողական քայլեր իրականացնեն։