Հավուր պատշաճի կատարել ենք խնդիրը․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության բացահայտման մասին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին, նշել է, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռարկել է կասկածյալին գտնելու համար։

Նախարարը հիշեցրել է, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ոստիկանությունը ջանք չի խնայել այն բացահայտելու համար:

«Մենք հավուր պատշաճի կատարել ենք ՆԳՆ առջև դրված խնդիրը և ապահովել ենք սպանության բացահայտում, իհարկե, համագործակցելով մեր գործընկերների հետ»,- նշել է նա:

Սարգսյանը չի մեկնաբանել վարույթի շրջանակներում անցնող կոնկրետ հանգամանքները:

«Ամփոփիչ տվյալներին առնվազն ծանոթ չեմ և իրավասություններ չունեմ այս պահի դրությամբ ծանոթ լինելու: Բայց եթե քննչական մարմնի արձանագրումների արդյունքում վեր հանենք դիտավորության որևէ կոմպոնենտ ոստիկանության ծառայողի կողմից, բնականաբար, կունենանք կոնկրետ ռեակցիա»,- պարզաբանել է նախարարը:

Նրա խոսքով՝ դեպքից հետո Արմավիրի քրեական ոստիկանության պետն ազատվել է քրեական ոստիկանությունում աշխատանքից և լքել է քրեական ոստիկանության շարքերը:

Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, ինչպես նաև նրա ոստիկան ընկերոջ սպանության ու մի քաղաքացու վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:

2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

Leave a Comment