13 փետրվարի 2026 – 13:04 AMT
PanARMENIAN.Net – Հայր Շնորհք աբեղա Պալոյանը հանդիպել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, որը հայ հավատավոր ժողովրդին իր պատգամն է փոխանցել, հայտնում է Sputnik Արմենիան:
Փետրվարի 12–ին Մկրտիչ սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված է մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։
«Ես բանտում էի, և դուք անդադար աղոթքի մեջ էիք։ Շարունակեք ձեր միաբանությամբ աղոթքի մեջ լինել։ Աղոթեք մեր բանտարկյալ և անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և հայորդիների համար»,- ասել է Մկրտիչ սրբազանը։
Հայր Շնորհքը նշել է, որ աղոթքի խնդրանքներում երբեք չպետք է հուսահատվել և անհրաժեշտ է պահպանել միասնականությունը։
Հոգևորականը նաև հայտնել է, որ այսուհետ միասնական աղոթքները անցկացվելու են ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ օրերին, քանի որ շատերը, մասնավորապես իրավապաշտպանները, հինգշաբթի օրերին ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում մասնակցել։
Հաջորդ համատեղ աղոթքը նախատեսվում է փետրվարի 20-ին՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Միասնական աղոթքը կազմակերպվել է Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։