Սպիտակի ոստիկանները, ապա Սպիտակի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշենի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկում Ալբերտ Պ.-ին ծեծի են ենթարկել նրա համադասարանցիներ՝ Ջրաշեն գյուղի բնակիչներ 13-ամյա Էդիկ Ա.-ն, վերջինը միջանձնային հարցերի շուրջ է վիճաբանել Ալբերտ Պ.-ի հետ, և ծեծկռտուքին մասնակցել են նաև համադասարանցիներ՝ Ջրաշենի բնակիչներ 13-ամյա Սուրիկ Մ.-ն և Հովսեփ Ս.-ն։
Նշված անձանց Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են և ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաների միջև միջանձնային պատմությունը հայտնի է եղել դպրոցի տնօրինությանը, անգամ այդ օրը Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցները ժամանել են դպրոց՝ ինչ-որ միջոցառում անցկացնելու համար, ու նրանք մտնելով դպրոցի վարչական տարածք, նկատել են, թե ինչպես է շտապօգնությունը երեխային տեղափոխում հիվանդանոց։ Տնօրենից հետաքրքրվել են, թե երեխան ինչի համար է տեղափոխվում հիվանդանոց, տնօրինությունը պատասխանել է, թե ձնագնդի խաղալիս վնասվածք է ստացել։
Ստացվում է, որ նշված դպրոցի թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցչական կոլեկտիվը ստել են, ապա շարունակել են իրենց միջոցառումը, և միայն լուրի՝ կայծակնային արագությամբ տարածվելուց հետո Սպիտակի քաղաքապետարանից զանգահարել են նշված դպրոց ու ճշտել, թե ինչու են փորձել այդ ամենը կոծկել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 11-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։
Հիվանդանոց էին մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ երեխան իրենց մոտ էր տեղափոխվել ծեծված և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի էր ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։