Ամերիկյան ներդրումների հնարավոր ներհոսքը Հայաստան ավելի քան 13 մլրդ դոլար կարող է լուրջ քաղաքական և տնտեսական գործոն դառնալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ներդրումային ակնկալիքները կապելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երկիր կատարած այցի և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
Գործակալությունը նշում է, որ հայտարարված նախագծերի մասշտաբները համադրելի են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի գրեթե կեսի հետ: Դա, Bloomberg-ի գնահատմամբ, կարող է ամրապնդել իշխանությունների դիրքերը հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Փորձագետներն ընդգծում են, որ այդ ծրագրերի իրականացման առանցքային պայմանը մնում է երկարաժամկետ քաղաքական և տնտեսական կայունությունը:
Bloomberg-ը հատուկ ուշադրություն է դարձնում էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրերին, որոնք դիտարկվում են որպես երկրում ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնման հիմք, ներառյալ ատոմային էներգետիկան և արհեստական ինտելեկտի ոլորտում նախագծերը:
Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-10-ը Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են համատեղ հայտարարություն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:
