Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում · News

Երեկ ասպարեզ իջավ նոր քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» անունով, որը հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իշխանության գալու։

Հրապարակ թերթը գրել է․ Բայց, ինչպես 2021-ին ամենաընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը, քաղաքական դաշտում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ նրա առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական-քաղաքական հետապնդում ծավալեց Փաշինյանի իշխանությունը, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Մեր ձեւով» շարժումն առաջացան իրենց առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված քաղաքական ապօրինի հետապնդումից հետո։

Ինքը՝ Կարապետյանն անձամբ, տարիներով աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, տնտեսական ծրագրեր էր իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը կարծես «զոռով» ստիպում է, որ քաղաքականությամբ չզբաղվող մարդիկ մտնեն քաղաքականություն՝ նրանց նկատմամբ նողկալի քաղաքական հետապնդումներով այլ ելք չթողնելով, քան քաղաքականություն մտնելն է։

Առհասարակ, ցավալի բան կա այս ամենում․ հայ մարդը, մինչեւ անձնապես իրեն չեն դիպչում, չի հասկանում, որ երկրում վիճակը վատ է, եւ կառավարող ուժը մեր կյանքը խաթարող, մեր պետությունը կործանող չարիքի է վերածվել, որ իշխանության քայլերը հակասահմանադրական են ու ապօրինի, մեր պետությանը, հասարակությանը վնասող։

Չեն տեսնում, որ այդ իշխանությունը թշնամու առաջ «հարգեւոր հարս» է, մեր երկրում՝ «ամեհի գազան»։

Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում, որ պետության արտաքին պարտքը կրկնապատկվել է, թոշակառուները գրոշներ են ստանում, իսկ ՔՊ-ական անարժան պաշտոնյաները՝ միլիոններ, որ կալանավայրերը լիքն են կալանքի ոչ ենթակա մարդկանցով,  եւ 2018 թվականից ի վեր համաներում չի հայտարարվել երկրում, որ սպառողական գներն աճում են, եւ անգամ ասֆալտն էր միֆ՝ հալվեց-մաշվեց-գնաց։

Leave a Comment