Իրանը, ըստ նոր արբանյակային պատկերների վերլուծության, ամրացնում է ստորգետնյա համալիրներից մեկը իր միջուկային օբյեկտներից մեկի մոտակայքում, հայտնում է BBC-ն:
Այս ակտիվությունը տեղի է ունենում լարվածության աճի պայմաններում, երբ շարունակվում են իրանցի և ամերիկացի պաշտոնյաների միջև բանակցությունները․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր ռազմական գործողություններով Իրանի դեմ, եթե այն չհամաձայնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի։
Լուսանկարները, որոնք առաջինը վերլուծել է ԱՄՆ-ում գործող «Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտ» (ISIS) վերլուծական կենտրոնը, ցույց են տալիս, որ Կոլանգ Գազ Լա լեռան՝ նաև Pickaxe Mountain անվամբ հայտնի տարածքում ամրացվում են թունելների մուտքերը։
Փորձագետների խոսքով՝ այս օբյեկտը կարող է նախատեսված լինել Իրանի ուրանի հարստացման գործունեությունը կամ կարևոր սարքավորումները պաշտպանելու համար, սակայն դրա ճշգրիտ նպատակը, ինչպես նաև արդյոք այն արդեն գործում է, դեռևս անհայտ է։
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը ամբողջությամբ խաղաղ նպատակներ ունի և հերքում է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը։
Pickaxe Mountain-ը 2025-ի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների թիրախ դարձած վայրերից չէր, սակայն մոտ 2 կմ դեպի հյուսիս գտնվող Նաթանզի միջուկային օբյեկտը հարվածի էր ենթարկվել։
Փետրվարի 10-ի արբանյակային պատկերներից մեկում երևում է, որ Pickaxe Mountain-ի մուտքերից մեկի հատվածում, հավանաբար, թարմ բետոն է լցվել։
Տեղում նկատվում է նաև բետոնի մատակարարման համար օգտագործվող բում-պոմպ սարքավորում, ինչի շուրջ համաձայնության են եկել թե՛ ISIS-ի, թե՛ Մեծ Բրիտանիայում գործող Maiar հետախուզական վերլուծական ընկերության մասնագետները։
The Wall Street Journal-ը փետրվարի 13-ին հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ իրանական ինտերնետի անջատումների ֆոնին:
Իրանի սահմանի մոտ նաև ամերիկյան թռչող սարքեր էին նկատվել:
