Ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչը որակազրկվել է Օլիմպիական խաղերում։ Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների նկարներով սաղավարտ կրելն է։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշումը կայացրել է փետրվարի 12-ին՝ առաջին մեկնարկից առաջ։ ՄՕԿ-ը հայտարարել է, որ Հերասկևիչի սաղավարտը չի համապատասխանում Օլիմպիական չեզոքության սկզբունքներին։
ՄՕԿ-ը նշել է, որ Հերասկևիչը կարող էր օգտագործել սաղավարտը մարզումների ընթացքում։ Կոմիտեն նաև առաջարկել էր ցուցադրել այն մրցումներից հետո՝ լրագրողների հետ հանդիպման գոտում, բայց մրցմանը չկրել։
Ուշագրավ է, որ ՄՕԿ-ի նախագահ Կիրստի Կովենթրին առավոտյան հանդիպել է Հերասկևիչի հետ՝ որակազրկման որոշումից առաջ։ Հանդիպումը տևել է մոտ 10 րոպե։
«Ոչ ոք, հատկապես ես, չի վիճում այդ ուղերձի հետ՝ դա հզոր ուղերձ է, հիշատակի ուղերձ», – ասել է նա։ Կովենթրին հիշեցրել է, որ ՄՕԿ-ը առաջարկել էր փոխզիջումներ՝ սև ժապավեն կամ սաղավարտի ցուցադրում մեկնարկից առաջ և հետո։
«Ցավոք, մեզ չհաջողվեց գտնել լուծում։ Ես իսկապես ուզում էի տեսնել նրան մեկնարկի վրա։ Սա հուզական առավոտ էր», – ասել է Կովենթրին։
Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ նա չի կարող այդ սաղավարտով հանդես գալ։
