OpenAI-ը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովին ուղղված գրությամբ հայտարարել է, որ չինական DeepSeek ստարտափը հետևողական փորձեր է կատարում պատճենելու և իր մոդելների ուսուցման գործընթացում օգտագործելու OpenAI-ի և ԱՄՆ այլ առաջատար արհեստական բանականության ընկերությունների մշակումները։
Փաստաթղթում նշվում է. «Մեզ հայտնի է, որ DeepSeek-ի աշխատակիցները ծրագրային կոդեր են մշակել՝ ԱՄՆ-ի արհեստական բանականության մոդելներին հասանելիություն ստանալու և դրանց ելքային տվյալները ծրագրային եղանակով հավաքագրելու համար՝ հետագայում դրանք distillation-ի մեթոդով կիրառելու նպատակով»։
Distillation տեխնոլոգիան ենթադրում է, որ ավելի հին և հզոր մոդելը գնահատում է նոր մոդելի պատասխանների որակը՝ փոխանցելով իր կուտակած գիտելիքը։
DeepSeek-ը և դրա մայր ընկերությունը՝ High-Flyer-ը, չեն արձագանքել Reuters գործակալության հարցումներին։
Հանչժոուում գործող DeepSeek ընկերությունը 2025 թվականի սկզբին զգալի արձագանք էր առաջացրել շուկայում՝ ներկայացնելով մոդելներ, որոնք մրցակցում էին ԱՄՆ առաջատար լուծումների հետ՝ չնայած առաջադեմ կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումներին։ Այժմ ոլորտում մեծ հետաքրքրություն կա, թե ինչ նորարարություններ կարող են առաջարկել չինական ընկերությունները։
OpenAI-ը նաև նշել է, որ չինական խոշոր լեզվական մոդելները «ակտիվորեն շրջանցում են պահանջները»՝ նոր մոդելների անվտանգ ուսուցման և ներդրման գործընթացում։
Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ղեկավարները նախկինում դրական էին գնահատել DeepSeek-V3 և DeepSeek-R1 մոդելները, որոնք հասանելի են համաշխարհային օգտատերերի համար։
Միաժամանակ, OpenAI-ը ակտիվորեն արգելափակում է այն օգտատերերին, որոնք փորձում են distillation մեթոդով պատճենել իր մոդելները՝ մրցակցային համակարգեր ստեղծելու նպատակով։
