Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև պայմանագիրը դեռ համաձայնեցված չէ. Զելենսկի

Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև պայմանագիրը դեռ համաձայնեցված չէ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիրը դեռևս համաձայնեցված չէ, թեև նախկինում նշել էր, որ այն «100 տոկոսով պատրաստ է»։

Ուկրաինան համոզված է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած համաձայնություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ից ստացվեն հուսալի անվտանգության երաշխիքներ։

Վերջին ամիսներին Ուկրաինան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարել այդ երաշխիքների շուրջ, սակայն փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։ Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ հիմնական խոչընդոտը Կիևի՝ Դոնբասից ռուսական զորքերի դուրսբերման պահանջին չհամաձայնելն է։

Սակայն Զելենսկին նշել է, որ պայմանագրի բազմաթիվ դրույթներ դեռևս համաձայնեցման կարիք ունեն։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստ կլինի խոցել Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռները, եթե Ռուսաստանը խախտի խաղաղության պայմանագիրը և կրկին սկսի ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը, նա պատասխանել է. «Դա դեռ որոշված չէ։ Մենք այդ մասին խոսել ենք և շարունակելու ենք այդ հարցը բարձրացնել»։

Նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցին լուծում տալ մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

«Թրամփի համար ամենաշահավետ տարբերակը կլինի դա իրականացնել մինչև միջանկյալ ընտրությունները, – ասել է Զելենսկին՝ խոսելով պատերազմի ավարտի հնարավորության մասին։ – Այո՛, նա ցանկանում է, որ մարդկային զոհերը նվազեն։ Սակայն եթե խոսենք բաց և անկեղծ, ապա նրա համար սա նաև քաղաքական հաղթանակ է»։

Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների իր մոտեցումը Զելենսկին ներկայացրել է հետևյալ կերպ. «Մեր մարտավարությունն այն է, որ ամերիկացիները չմտածեն, թե մենք ցանկանում ենք շարունակել պատերազմը։ Այդ պատճառով մենք սկսել ենք աջակցել նրանց առաջարկներին՝ ցանկացած ձևաչափով, որը կարող է արագացնել գործընթացը»։

Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինին առանց նախապայմանների։

Զելենսկու խոսքով՝ ինքը չի առարկում Ռուսաստանի հետ խաղաղության հաստատման համար տարածքների շուրջ հանրաքվե անցկացնելուն՝ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, սակայն հանրաքվեի վրա դրված համաձայնությունը պետք է բավարարի Ուկրաինային։

Ըստ Զելենսկու՝ եթե նախագահական ընտրություններն ու հանրաքվեն անցկացվեն միաժամանակ, դա կբարձրացնի մասնակցությունը և կդարձնի ընթացքն ավելի լեգիտիմ։ Սակայն ցանկացած համաձայնություն պետք է լինի ընդունելի. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է հանրաքվեի վրա դնենք վատ համաձայնություն», – ասել է Զելենսկին։

 

Leave a Comment