Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որից պարզ է դառնում, որ «Եվրոպական Սուպերլիգա» նախագիծն այլևս գոյություն չունի։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ակումբը համաձայնության է եկել ՈւԵՖԱ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ։ Կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, որը ծառայելու է ակումբային ֆուտբոլի բարօրությանը։ Նոր պայմանավորվածությունը հարգում է մարզական արդյունքների սկզբունքը՝ շեշտը դնելով ակումբների երկարաժամկետ կայունության և երկրպագուների համար պայմանների բարելավման վրա։
«Այս սկզբունքային համաձայնությունը հիմք կծառայի Եվրոպայի Սուպերլիգայի հետ կապված իրավական վեճերի կարգավորման համար՝ վերջնական համաձայնագրի կնքումից հետո», – ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթվա վերջում Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարել էր նաև «Բարսելոնան»: Կատալոնական ակումբի այդ քայլից հետո միայն «Ռեալն» էր մնացել որպես վիճահարույց նախագծի միակ մասնակից։