12 փետրվարի 2026 – 17:49 AMT
PanARMENIAN.Net – Բելգիան շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում իր դեսպանատանը։ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մագդը հյուպատոսական ծառայությունների մոտալուտ բացումը հիանալի նորություն է որակել, հայտնում է Արմենպրեսը:
Նախաձեռնությունը բխում է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևից, որով առաջարկվել էր ուժեղացնել Բելգիայի ներկայությունը Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մարդկանց, այնպես էլ երկու հասարակությունների միջև կապերի աճող կարևորությունը։
«Սա մի պայքար է, որը ես վարել եմ վերջին ամիսներին՝ դեսպանության բացմանը հասնելուց հետո։ Այս հարցը առաջնահերթ նշանակություն ուներ հայերի համար, որովհետև նրանք տեսնում են, որ Բելգիան երկարաժամկետ ներգրավվածություն է ցուցաբերում։ Սա կարևոր է նաև Բելգիայում ապրող հայկական սփյուռքի համար, որը խորապես կապված է իր հայրենիքի հետ։
Այս ներկայությունը ամրապնդում է մարդկային, ընտանեկան, տնտեսական և մշակութային կապերը երկու երկրների միջև։ Եվ, իհարկե, սա կարևոր է Հայաստանում գտնվող մեր քաղաքացիների համար, որոնք կունենան արդյունավետ աջակցություն՝ հասանելի ներկայություն մի պետության, որը դժվար պահին նրանց մենակ չի թողնում։
Սա կարևոր է նաև մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Հայաստանը իր պատմության հանգուցային փուլում է՝ տարածաշրջանային խորը փոփոխությունների պայմաններում։ Այն ընտրել է Եվրոպային ավելի մոտենալու ուղին։ Բելգիան պետք է պատրաստ լինի այդ ընթացքին քաղաքականապես, տնտեսապես և մարդկայնորեն», – ասել է Միշել դը Մագդը:
Նա հավելել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հեռվից չի թելադրվում, այն կառուցվում է ներկայությամբ, երկխոսությամբ և հանձնառությամբ։
Նրա խոսքով՝ տեղում ներկայություն ունենալը նշանակում է իրավիճակն ավելի լավ հասկանալ, առավել ճշգրիտ գործել և արդյունավետ աջակցություն ցուցաբերել։ Բելգիացի քաղաքական գործիչը նաև շնորհակալություն է հայտնել Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին՝ ցուցաբերած ուշադրության և նախաձեռնողական մոտեցման համար։
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ այս որոշումը դարձել է կարևոր ձեռքբերում, որին հասել են Բելգիայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ հետևողական աշխատանքի արդյունքում։
«Հայաստանում Բելգիայի դեսպանությունում հյուպատոսական բաժնի բացման կարևորության դրույթն ամրագրվել է դեռևս նախորդ տարի Բելգիայի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևում։ Այս կարևոր քայլը առանձնահատուկ նշանակություն ունի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Մինչ դրա ավարտը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան բելգիական և, միգուցե, Բենիլյուքսի այլ երկրների համար մուտքի արտոնագիր հայցել Բելգիայի դեսպանության միջոցով։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բելգիայի խորհրդարանի անդամներին, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին և ԱԳՆ գործընկերներին այս կարևոր որոշման համար», – ասել է նա:
Այս որոշումը գնահատվել է որպես նշանակալի ազդակ Բելգիա–Հայաստան հարաբերությունների խորացման համար։