Եկամտային հարկի տարեկան հաշվարկը լրացրած ֆիզիկական անձինք սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունք կունենան, եթե այդ հայտարարագիրն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ներկայացնեն հարկային մարմին։
ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա պարզաբանմամբ՝ «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը։
Մինչդեռ՝ հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համապատասխան ժամանակահատվածում հայտարարատուի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում, Հարկային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված։
Կառավարության կողմից ընդունված որոշման նախագծի համաձայն՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը: