Իրավաբանները ներկայացրել են՝ ինչպես է հնարավոր վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին

Իրավաբանները ներկայացրել են՝ ինչպես է հնարավոր վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին

12 փետրվարի 2026 – 17:16 AMT

PanARMENIAN.Net – «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։

Իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը չի դասվում անփոփոխելի դրույթների շարքին, և դրա վերանայման համար հանրաքվե չի պահանջվում, քանի որ սահմանված են ավելի ճկուն մեխանիզմներ, հայտնում է Panorama.am-ը:

«Անհրաժեշտ է ԱԺ կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Քվեարկության ժամանակ այն պետք է հավաքի պատգամավորների թվի 2/3-ի ձայները»,-ասել է Սահակյանը։

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը նույնպես ընդգծել է, որ 148-րդ հոդվածով վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջները կարող են վերանայվել առավել պարզ ընթացակարգով՝ Ազգային ժողովի կողմից։

Նարեկ Կարապետյանն, անդրադառնալով հարցին, ասել է․ «Սահմանադրության 148 հոդվածը սահմանում է, թե ով կարող է լինել մեր երկրի վարչապետը։ 148 հոդվածը փոփոխվում է խորհրդարանի միջոցով, ոչ թե հանրաքվեով։ Իսկ ի՞նչ ընտրություններ են սպավում հունիսի 7-ին մեր երկրում»:

Ներկայացվել է նաև հոդվածի բովանդակությունը։

Հոդված 148 հոդված. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները

  1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
  2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններից 20 օր անց գումարվելիք Ազգային ժողովի առաջին նիստում անմիջապես հանդես են գալու համապատասխան օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ։

«Ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment