Այն բանից հետո, երբ Նարեկ Կարապետյանը հրապարակեց տեղեկություն սոցհարցման վերաբերյալ, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջեւ ընտրության պարագայում քաղաքացիերը առավելությունը տվել են Կարապետյանին՝ 34-33 տոկոսային հարաբերակցությամբ, ես տելեգրամյան գրառմամբ նշեցի, որ մեծ հավանականությամբ սա նշանակում է փետրվարի 12-ին վարչապետի թեկնածուի առաջադրման անոնսավորում:
Տրամաբանությունը պարզ է՝ եթե Սամվել Կարապետյանի թիմը հանրայնացնում է, որ նա գերազանցում է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն կամ պետք է Կարապետյանը դառնա վարչապետի թեկնածու, կամ թեկնածու լինի մեկը, որը նկատելի գերազանցելու է նաեւ Կարապետյանին: Հասկանալի է, որ կարապետյանական թիմում չկա այդ մեկը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ու հանգամանքներից ելնելով:
Ըստ այդմ, տրամաբանական շղթան հասավ իր հանգրվանին՝ Սամվել Կարապետյանը հայտարարվեց վարչապետի թեկնածու: Լուծման մասին էլ թերեւս տեղյակ եք՝ հաղթել ընտրությունը, ԱԺ նիստում փոխել Սահմանադրության 148 հոդվածը եւ տալ Կարապետյանին վարչապետ ընտրվելու իրավունք:
Ինչպես ասում են՝ մնում է հաղթել ընտրությունը, էլ չասած այն մասին, ինչ խոսում են շատերը՝ ընտրության մասնակցության իրավունքը: Համենայն դեպս, կարծում եմ՝ շարունակում է օդում կախված մնալ «մոլդովական փորձի» տարբերակը: Իհարկե, Կարապետյանի թիմի ներկայացուցիչներից մեկը տեւական ժամանակ առաջ հայտարարեց, որ իրենք դիտարկում են այդ ռիսկերը եւ ունեն պլան Բ: Հասկանալի է, որ պլան Բ-ն չի ներկայացվի հանրությանը, մինչ դրա կիրառման անհրաժեշտությունը, եթե իհարկե այն իսկապես կա:
Իմ գնահատմամբ, պատկերն, իհարկե, բավականին խրթին է ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ իշխանության համար:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան