Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ կարգալույծ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի։ ՀԱՍԵ-ն պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Միևնույն ժամանակ՝ Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին։
Արամայիս Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025-ի դեկտեմբերի 2-ին՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես, կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար։
Արամայիս Թախմազյանը ստացել է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի աջակցությունը և հովանավորությունը՝ կարգալույծ արվելուց հետո Սուրբ Աստվածածին եկեղեցում անց կացնելով պատարագներ և զեղչելով կաթողիկոսի և կալանավայրում գտնվող թեմակալ առաջնորդի անունները։
Արամայիսը դատարան հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը, սակայն այդ հայցը վերադարձվել է։
Վերադարձվել է նաև մեկ այլ կարգալույծի՝ Ստյոպա Ասատրյանի հայցը։