Երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց հարթակով

Երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց հարթակով

12 փետրվարի 2026 – 14:21 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ այսուհետ երեխայի ծնունդը կարելի է գրանցնել առցանց եղանակով՝ համապատասխան էլեկտրոնային ծառայության միջոցով։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝

  • այցելե՛ք կայք, ինչը կարող եք անել նաև QR կոդի օգնությամբ,
  • ընտրե՛ք «Երեխայի ծնունդ» բաժինը,
  • «Ծննդյան վկայականի ստացում» բաժնից ընտրե՛ք «Առցանց ստանալ ծննդյան վկայականը» և սեղմե՛ք «Սկսել» կոճակը,
  • սեղմե՛ք «Շարունակել», ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականանալ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով,
  • սեղմե՛ք «Լրացնել դիմումը» կոճակը,
  • «Անձնական տվյալներ» բաժնում մուտքագրե՛ք անձնագրի համարը, էլ-փոստի հասցեն և հեռախոսահամարը: Համակարգի բոլոր ծանուցումները կուղարկվեն այդ հեռախոսահամարին կամ էլ-փոստին: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
  • «Ընտանեկան կարգավիճակ» բաժնում ցուցադրվում են ամուսնության մեջ գտնվելու/չգտնվելու վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տվյալները: Հաստատե’ք ցուցադրվող տեղեկատվությունը՝ ընտրելով այն: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
  • «Վկայականի մուտքագրում» բաժնում ցուցադրվում են Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից տրամադրված ծննդյան բժշկական վկայագր(եր)ի տվյալները: Խնդրում ենք ընտրե՛լ մեկ վկայագիր և անցնե՛լ «Հաջորդ էջ»,
  • «Երեխայի տվյալներ» բաժնում լրացրե՛ք երեխայի անունը և ազգանունը՝ հայերեն տառերով,
  • ազգանունը դաշտում լրացրե՛ք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը՝ հոր կամ մոր ընտրությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառմամբ,
  • նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,
  • այս էջում ցուցադրվում են, թե որերորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարող է դիմել ծնողներից յուրաքանչյուրը: Ընտրե՛ք այն ծնողին, ում անունից ցանկանում եք ներկայացնել ծննդյան միանվագ նպաստը:
  • ընտրե՛ք Ձեզ հարմար բանկ և անձնագիրը, որով ներկայանալու եք բանկ, սեղմե՛ք «Հաջորդ էջ»
  • տվյալների ստուգում էջում համոզվեք, որ բոլոր լրացված տվյալները ճիշտ են և սեղմե՛ք «Հանձնել դիմումը» կոճակը:
  • հաստատե՛ք «Սուտ տեղեկություններ չտրամադրելու մասին» տեղեկացված լինելը և սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
  • սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը:
  • կրկին ստուգեք դիմումի տվյալները և սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը՝ ընտրելով Ձեզ հարմար ստորագրության տեսակը:
  • Սեղմե՛ք «Վերադառնալ դիմումին» կոճակը, ապա «Հանձնել»:
  • դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում:

Leave a Comment