ՔՈԱՖ-ը հրապարակել է առաջին գիտական հետազոտությունը՝ գյուղաբնակների կողմից առողջապահության որակի ընկալման վերաբերյալ

«BMC Health Services Research» հեղինակավոր ամսագրում հրապարակված հոդվածը միջազգային գիտական հարթակում լսելի է դարձնում Լոռու մարզի բնակիչների ձայնը:

 «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է իր տեսակի մեջ բացառիկ հետազոտության հրապարակման մասին, որն առաջին անգամ համակարգված կերպով ուսումնասիրում է Հայաստանի գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների որակի վերաբերյալ հանրային ընկալումը։ Հետազոտությունը, որի համահեղինակներն են ՔՈԱՖ  Առողջապահական ծրագրերի թիմի ղեկավար, բժիշկ Լորքի Լիբարիդյանը, ՔՈԱՖ  Առողջապահական ծրագրերի ղեկավար, բժիշկ Լուսինե Անտոնյանը և այլ հայ հետազոտողներ, հրապարակվել է միջազգային ճանաչում ունեցող, հեղինակավոր «BMC Health Services Research» ամսագրում։

Այս հրապարակումը կարևոր ուղենիշ է Հայաստանի համայնքներում առողջապահության ոլորտի զարգացման համար։ Այն գյուղաբնակ համայնքների իրական փորձը տեղափոխում է միջազգային ճանաչում ունեցող, գիտական հարթակ, որտեղ դրա ազդեցությունը կարող է առանցքային լինել քաղաքականության մշակման, գործնական բժշկության և հետազոտական նոր ուղղությունների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում։

«Երկու տասնամյակ շարունակ Հայաստանի գյուղերում բնակվող մարդկանց փորձառությունն ու կարծիքը եղել են ՔՈԱՖ-ի ծրագրերի հիմքում»,— նշում է ՔՈԱՖ Առողջապահական ծրագրերի ղեկավար, բժիշկ Լորքի Լիբարիդյանը։ «Մենք գիտակցեցինք, որ այս կարևոր տեղեկատվությունը չէր հասնում ՔՈԱՖ-ից դուրս գտնվող այն մարդկանց, որոնք մշակում են քաղաքականություն կամ իրականացնում նմանատիպ նախագծեր։ Ուստի, համայնքների հետ վերջին զրույցի ժամանակ մենք որոշեցինք որդեգրել առավել համակարգված մոտեցում, որի արդյունքում էլ հրապարակեցինք մեր հետազոտությունը»։

Լսելի դարձնելով գյուղաբնակի ձայնը

Հետազոտության հիմքում Լոռու մարզի 15 քաղաքային և գյուղական բնակավայրերում ավելի քան 100 բնակչի հետ անցկացված 16 ֆոկուս-խմբային քննարկումներն են։ Այս զրույցները վեր են հանել կարևոր տեղեկություն այն մասին, թե ինչպես են անհատներն ու ընտանիքներն առնչվում առողջապահությանն իրենց առօրյա կյանքում և ինչն է ներազդում նրանց որոշումների վրա։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ գյուղաբնակների համար առողջապահության որակը պայմանավորված է ոչ միայն բժշկական միջամտությամբ, այլև մարդկային փոխհարաբերություններով։ Մասնակիցները հետևողականորեն շեշտել են հարգալից և էմպաթիկ վերաբերմունքի, ինչպես նաև հստակ հաղորդակցության կարևորությունը՝ արժանապատվությունն ու «բովանդակալից զրույցը» համարելով բուժման գործընթացի առանցքը։

Միևնույն ժամանակ, հետազոտությունը փաստում է, որ շատ բուժառուներ հետազոտությունների մեծ քանակը թյուրիմացաբար նույնացնում են բարձրորակ բուժօգնության հետ, ինչը բացահայտում է համակարգային բարելավման հնարավոր ուղղություններ։

Հետազոտությունից՝ գործողություն

2022 թ․ մարտի 30-ից հունիսի 29-ն անցկացված այս հետազոտությունն ուղղված է Հայաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի հզորացմանը՝ բուժառուակենտրոն բուժօգնության մոդելների ներդրման միջոցով։ Ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ հետևյալ ուղղությունների համար.

  • բուժաշխատողների վերապատրաստում և բժիշկ–բուժառու հաղորդակցության բարելավում,
  • համայնքային ներգրավվածության և կրթական նախաձեռնությունների մշակում,
  • առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում և վստահության ամրապնդման ռազմավարությունների ներդրում,
  • գյուղական համայնքների առանձնահատկություններին համահունչ քաղաքականության մշակում։

ՔՈԱՖ-ը շեշտում է, որ այս հրապարակումը վերջնակետ չէ, այլ արժեքավոր տեղեկության աղբյուր՝ ուղղված առողջապահական ցուցանիշների բարելավմանը՝ համայնքների և առաջնային օղակի բուժաշխատողների հետ երկարաժամկետ ու համակարգային գործընկերության միջոցով։

«Այս հետազոտությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ որակյալ առողջապահությունը սոսկ մատուցված ծառայություն չէ. դրա հիմքում վստահությունն է»,— նշում է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ «Գիտական խորքային հետազոտության արդյունքում լսելով գյուղաբնակի ձայնը՝ մենք կարող ենք կառուցել այնպիսի համակարգ, որտեղ բուժառուի արժանապատվությունն ու համայնքի իրական կարիքները կլինեն առանցքային»։

Կարևոր հանգրվան ՔՈԱՖ-ի և Հայաստանի համայնքների համար

ՔՈԱՖ-ի առողջապահական թիմն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է գյուղական համայնքներում։ Այս հրապարակման շնորհիվ տեղական փորձառությունն այժմ փաստագրվում է համաշխարհային առողջապահական գրականության մեջ՝ գյուղաբնակների ձայնը ներառելով առողջապահական համակարգերի բարելավման շուրջ ծավալվող ազգային և համաշխարհային քննարկումներում։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է հզորացնել Հայաստանի համայնքերում բնակվող մանուկների ու նրանց ընտանիքների կյանքի որակը: Կիրառելով համալիր մոտեցում կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում՝ ՔՈԱՖ-ը նրանց օգնում է ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ՝ կայուն զարգացման համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment