12 փետրվարի 2026 – 14:35 AMT
PanARMENIAN.Net – WhatsApp-ը հայտնել է, որ Ռուսաստանի պետական մարմինները փորձել են ամբողջությամբ արգելափակել մեսենջերի աշխատանքը և ռուսերեն հայտարարություն է հրապարակել իր սոցիալական ցանցերում։
«Այսօր Ռուսաստանի իշխանությունները փորձել են ամբողջությամբ արգելափակել WhatsApp-ը՝ մարդկանց ստիպելու անցնել պետական, վերահսկողությունից չպաշտպանված հավելվածի։ Փորձ է արվել մեկուսացնել ավելի քան 100 միլիոն օգտատերի՝ նրանց զրկելով մասնավոր և անվտանգ հաղորդակցությունից, ինչը հետքայլ է, որը կարող է հանգեցնել միայն մարդկանց անվտանգության նվազմանը Ռուսաստանում։ Մենք շարունակում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի օգտատերերը մնան կապի մեջ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Meduza-ն:
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ WhatsApp-ի, YouTube-ի, ինչպես նաև Ռուսաստանում գործող մի շարք անկախ լրատվամիջոցների դոմենային անունները հանվել են Ազգային դոմենային անունների համակարգի գրանցումից, ինչը փաստացի հավասարազոր է ամբողջական արգելափակմանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կվերադառնա՞ արդյոք WhatsApp-ը, նշել է, որ «սա օրենսդրության կատարման հարց է»․ եթե Meta կորպորացիան, որին պատկանում է մեսենջերը, «երկխոսության մեջ մտնիՌուսաստանի իշխանությունների հետ», ապա «կհայտնվի պայմանավորվածության հասնելու հնարավորություն»։
«Եթե կորպորացիան շարունակի պահպանել նույն անհաշտ դիրքորոշումը և, ես կասեի, ցուցաբերի լիակատար անպատրաստակամություն առաջնորդվելու ռուսական օրենսդրությամբ, ապա շանսեր չկան», — հայտարարել է Պեսկովը։
2025 թվականի օգոստոսից «Ռոսկոմնադզորը» արգելափակում է WhatsApp և Telegram մեսենջերների միջոցով իրականացվող զանգերը։ Գերատեսչությունը պնդում է, որ այդ ծառայությունները օգտագործվում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման, ահաբեկիչների հավաքագրման, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ խարդախությունների և այլ հանցագործությունների համար։ Այս առնչությամբ դեկտեմբերին WhatsApp-ը արդեն հրապարակել էր հայտարարություն, որտեղ նշվել է, որ Ռուսաստանի իշխանությունները «ձգտում են ավելի քան 100 միլիոն ռուսաստանցիների զրկել մասնավոր և ծայրից ծայր կոդավորմամբ պաշտպանված նամակագրության իրավունքից»։