12 փետրվարի 2026 – 14:13 AMT
PanARMENIAN.Net – Կառավարության նիստում ասվել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումը տրամադրվելու է բացառապես էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացված եկամտային հայտարարագրի հիման վրա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ իր կողմից զեկուցվող նախագծով նախատեսում է կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին, հայտնում է Panorama.am-ը:
«Ոորոշմամբ սահմանվում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը և նոր կարգավորմամբ հայտարարագիրը նախապես լրացվել է հարկային մարմնի կողմից՝ իր տրամադրության տակ եղած տվյալների հիման վրա, իսկ ֆիզիկական անձը կարող է այն խմբագրել։ Եթե փոփոխություններ չեն արվել, ապա վերջնաժամկետին այն համարվել է օրենքով սահմանված կարգով ներկայացված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ 2025 թվականին 2024 թվականի հայտարարագրման արդյունքում քաղաքացիները ստացել են 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ։