Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության միջնորդությունը՝ վերացնելու հայցի ապահովման միջոցը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնի շուրջ վեճի գործով, տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Որոշումը կայացվել է փետրվարի 11-ին Էջմիածնում՝ նախագահությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի։ Այն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Գործը վերաբերում է Արման Վոլոդյայի Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցին ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու և Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու պահանջով։
Հունվարի 16-ին դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնելով եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Սարոյանի պաշտոնավարումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը, այդ թվում՝ թեմի ֆինանսական գործառույթների իրականացումը։
Պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը միջնորդել էր վերացնել կիրառված ապահովման միջոցը՝ պնդելով, որ վեճը ենթակա չէ դատական քննության՝ եկեղեցու ինքնակառավարման սկզբունքի հիմքով, ինչպես նաև նշելով, որ բացակայում են ապահովման միջոց կիրառելու հիմքերը, միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին և խոչընդոտում է կազմակերպության գործունեությանը։
Դատարանը, սակայն, գտել է, որ ներկայացված փաստարկները չեն հերքում հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը։ Դատարանը նշել է, որ նման միջոց չձեռնարկելը կարող էր հայցվորին հասցնել էական ոչ նյութական վնաս՝ կապված հոգևոր ծառայության շարունակականության, զբաղեցրած բարձր հեղինակավոր պաշտոնի և հոգևոր պարտականությունների կատարման անհնարինության հետ։
Միաժամանակ, դատարանն արձանագրել է, որ պատասխանողի մի շարք փաստարկներ վերաբերում են գործի դատական քննության ենթակա լինելու և հայցի հիմնավորվածության հարցերին, որոնց այս փուլում գնահատական տալը կարող էր կանխակալ դիրքորոշում ձևավորել գործի ելքի վերաբերյալ։
Դատարանը նաև նշել է, որ ապահովման միջոցի կիրառման մասին արդեն օրինական ուժի մեջ մտած ակտի չկատարման առթիվ նախաձեռնված քրեական վարույթը և դրա շուրջ զարգացումները չեն կարող հիմք հանդիսանալ ապահովման միջոցի վերացման համար։ Արդյունքում՝ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
