
«Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և իրենց գործունեության մասին հայտարարելու են․ իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն՝ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ նախագիծը բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից:
Նախարարը հավելեց, որ համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո կտրամադրվեն հավաստագրեր, որոնցով կազմակերպությունները կարող են աշխատել։
«Այս նախագիծը կապված է 3 գործոնների հետ․ առաջին՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերն աճում են, երկրորդ՝ ներքին զբոսաշրջությունն աճում է, և երրորդ՝ զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկանում են առցանց հարթակներում»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։