
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը վիրավորվել է այս արտահայտություններից և օրակարգ է մտածել ու բերել խորհրդարան:
«Բայց ինչպես հասկանում եք, այս օրակարգը թարս է աշխատում Դաշնակցության համար, որովհետև մենք հիմա էլի քննարկում ենք թեմաներ, որոնք, միանշանակ, Դաշնակցությանը դուր չեն գալիս: Ինչի՞ մասին են եղել այդ դատողությունները, և ինչի՞ մասին են մեր դատողությունները այս հինգ տարի Ազգային ժողովում: Դրանք, այո՛, նրա մասին են, հարգելի՛ գործընկերներ, որ ձեր մտածողությունը, ձեր պատկերացումներն ու լուծումները ընդհանրապես չեն համապատասխանում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող ներկա իրողություններին:
Ձեր լուծումները չէին համապատասխանում ՀՀ-ի շուրջ ձևավորված մարտահրավերներին, և այս մտածողության տարբերության ու այս մտածողության վտանգավորության մասին է խոսքը, որ առաջին հերթին ձեզ օգնող, ոչ թե ձեզ վիրավորող գնահատականներ են»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը պետք է օգտվի այս գնահատականներից և հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ:
«Այստեղ է ամենագլխավոր խնդիրը, որ դուք չեք հասկանում՝ ինչ է ձեզ հետ տեղի ունենում քաղաքականապես և պատմականորեն»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ընդգծեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտածողությունը, պատկերացումները, ձգտումներն ու երազանքները նույնական են այսօր ՀՀ-ի ժողովրդի մեծամասնության մտածողության հետ:
«Ինչու ձեր ու մեր բնակչության մտածողությունը նույնական չեն. որովհետև ձեր մտածողության մեջ ՀՀ-ի կառավարումը գտնվում է ՀՀ-ի տարածքից դուրս: Այստեղ է գլխավոր պրոբլեմը, իսկ մեր ժողովուրդն ուղիղ կերպով ընտրել է ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը և խաղաղությունը: Իսկ ձեր մտածողությունը հակասում է այս ամենին»,- հայտարարեց նա՝ հորդորելով հետևություններ անել՝ պատմության լուսանցքում չմնալու համար:
Հեղինակ`Կարմեն Ղուկասյան