Հակոբյան․ Իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություն անել

Հակոբյան․ Իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություն անել

12 փետրվարի 2026 – 12:23 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովը շարունակել է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվել է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները։

Ընդդիմադիր պատգամավոր Արմեուհի Կյուրեղյանի հարցերին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ որևէ կուսակցության անդամ չէ, սակայն իրեն համարում է մտքի կուսակցության ներկայացուցիչ։ Նա հավելել է, որ իրավունք ունի այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություն անել,հայտնում է 1lurer.am-ը:

«Հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև նրա քաղաքական իրավիճակների մասին խոսելը միայն կուսակցական դիրքորոշում չի պահանջում: Սա՝ մեկ, երկրորդ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կարդացել եմ, պատասխանել եմ, ցավում եմ, որ իրենց կայքերում դրված չէ: Որքան գիտեմ, մեր կայքում դրված է: Ես իրենց բոլոր դիտողությունները, որոնցից շատերին համաձայն չեմ, գրել եմ, որ ընդունում եմ ի գիտություն և կոչ եմ անում բոլորիս, ինչպես նաև ինձ, հետագայում չմոռանալ կոռեկտության սահմանները պահպանելը:

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես գրող եմ, մտավորական, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելով` եզրակացություններ անել, իհարկե, պահպանելով կոռեկտության սահմանները»,- ասել է ՀՌՀ անդամը։

Արձագանքելով Կյուրեղյանի այն դիտարկմանը, թե որպես ՀՌՀ անդամ՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա քաղաքական գնահատականներ է հնչեցրել, ինչի իրավունքը պաշտոնական կարգավիճակով չուներ՝ Հակոբյանը պատասխանել է. «Ես իրավունք ունե՞մ քաշվեմ մի կողմ և չհետևել մեր ժողովրդի այսօրվա քաղաքական վիճակի անցուդարձին»։

«Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության սահմանները խախտելն է: Ես երեկ իմ ելույթի մեջ ասացի՝ լավ կլիներ, որ ընդհանրապես այդ «կոռեկտություն» հասկացության մի սահմանումը տրվեր: Կոռեկտ լինել չի նշանակում Գլավլիտի տակ լինել և չի նշանակում կոնյուկտուրայի նպատակներով կամ վախերով՝ պաշտոնը կորցնելու կամ Ազգային ժողովի որոշ՝ քո հայացքները չկիսող կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ծպտուն չհանել»,- հակադարձել է Հակոբյանը Կյուրեղյանին։

Նրա գնահատմամբ՝ իր խոսքում քաղաքական ենթատեքստ չի եղել, այլ պատմական։

«Ինչ վերաբեում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեկ ասացի՝ հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը: Ես չեմ կարծում, թե Դաշնակցությունը եկավ և մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր: Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, քաղաքական ինչ իրավիճակների, դուք ինքներդ որոշեք:

Ինչ վերաբերում է ադապտացիա բառին, ես քաղաքական տերմին եմ օգտագործում, որը վերաբերում է նաև կուսակցություններին: Աշխարհում շատ կան հարյուրամյա կուսակցություններ, բայց ինչպես ժողովուրդները, ինչպես պատմական իրավիճակները, այնպես էլ կուսակցական գաղափարախոսությունները պետք է ադապտացվեն իրենց քաղաքական խնդիրներին»,- ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ կցանկանար՝ Դաշնակցությունը, պահպանելով իր ինքնությունը, ներկայում երդում տար ՀՀ Սահմանադրության վրա, ապա հավելել է, որ հայրենասիրությունը ժամանակի քաղաքական իրադրությանը համահունչ հարմարվելու անհրաժեշտություն ունի։

«Հայրենասիրությունը կիրք և տռփանք չէ, հայրենասիրությունը սեր է, ինտելեկտուալ հասկացողություն է: Իմ ելակետը սա է»,- ասել է Հակոբյանը։

Դաշնակցության պատմությանն անդրադառնալով՝ նա նշել է, որ կուսակցության մեջ եղել են բազմաթիվ լուսավոր անհատներ, սակայն իր գնահատականները վերաբերել են կազմակերպության ներկայիս գործունեությանը։

«Ուրիշ ոչ մի բան»,- եզրափակել է Հակոբյանը։

Խորհրդարանում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվել է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՅԴ հասցեին քաղաքական գնահատականներ է հնչեցրել, որոնք ուղեկցվել են ատելության քարոզով։

Leave a Comment