2002 թվականից ի վեր Ժնևում արդեն իսկ գործում է ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան:
Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, բազմակողմ և երկկողմ օրակարգերի առանձնահատկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն: Նման առաջարկով էր հանդես եկել Արտաքին գործերի նախարարությունը։
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց նաև այս որոշումը։ Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կտեղափոխվի Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը կթողնվի Ժնևում:
ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 62.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: Դեսպանության տեղափոխման հետ կապված` պահանջ է առաջանում 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման ծախսերը ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով: