Շվեյցարիայում ՀՀ դեսպանատունը Ժնևից կտեղափոխվի Բեռն՝ 196 մլն դրամ կպահանջվի

Շվեյցարիայում ՀՀ դեսպանատունը Ժնևից կտեղափոխվի Բեռն՝ 196 մլն դրամ կպահանջվի

12 փետրվարի 2026 – 11:15 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ն մտադիր է Շվեյցարիայի Համադաշնությունում իր դեսպանությունը Ժնևից տեղափոխել երկրի մայրաքաղաք Բեռն, ինչի համար 2026 թվականի բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 196 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, Ժնևում շարունակելու է գործել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

2002 թվականից Ժնևում գործում է ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Նույն ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է նաև որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան։ Սակայն, հաշվի առնելով Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները, առաջացել է անհրաժեշտություն դեսպանությունը տեղափոխել Բեռն, հայտնում է Factor.am-ը:

Շվեյցարիայում հավատարմագրված մոտ 100 երկրի դեսպանություններ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, տեղակայված են հենց մայրաքաղաքում։ Ըստ հիմնավորման՝ դեսպանության տեղափոխումը Բեռն հնարավորություն կտա առավել արդյունավետ շփումներ հաստատել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու խթանել երկկողմ համագործակցության զարգացումը։

Դեսպանության տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվել են մոտ 344.8 հազար շվեյցարական ֆրանկ, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 165 մլն դրամի։ Առաջին տարվա համար նախատեսվել է նաև լրացուցիչ 62.8 հազար շվեյցարական ֆրանկ կամ 30 մլն դրամի չափով ծախս՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարների համար։

Այս փոփոխությունների արդյունքում 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ԱԳՆ համապատասխան ծրագրի ծախսերն ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկով կամ 196 մլն դրամով, իսկ հաջորդ տարիներին՝ տարեկան 304.8 հազար շվեյցարական ֆրանկով, որն այս պահի փոխարժեքով կազմում է 146 մլն դրամ։

Այս տարի Ժնևից Բեռն դեսպանատան տեղափոխման նախաձեռնությանը դեմ է արտահայտվել ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության գնահատմամբ՝ այն լրացուցիչ ծախս է, որը նախատեսված չէ 2026 թվականի պետական բյուջեով։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է հարցը քննարկել 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում՝ պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Սակայն այս առաջարկը ՀՀ ԱԳՆ-ն չի ընդունել։

Leave a Comment