Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն – Armenia Today

Շվեյցարիայի Համադաշնությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն, ԱԳՆ նախագծին կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 12-ի նիստում։

2002 թվականից Ժնևում գործում է ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել դեսպանությունը տեղափոխել Բեռն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություններ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, տեղակայված են հենց Բեռնում։ Ըստ ԱԳՆ-ի՝ դեսպանության տեղափոխումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել շփումները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և խթանել երկկողմ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ Ժնևում կշարունակի գործել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Ֆինանսական հաշվարկների համաձայն՝ դեսպանության տեղափոխման տարեկան ծախսերը կկազմեն 344,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ (շուրջ 167 մլն դրամ-խմբ․)։ Առաջին տարում լրացուցիչ կպահանջվի ևս 62,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ (շուրջ 30 մլն դրամ-խմբ․)՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։

Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի՝ համապատասխան միջոցառման ծախսերը կավելանան 407,5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով (շուրջ 198 մլն դրամ-խմբ․), իսկ հաջորդող տարիներին՝ տարեկան 304,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով (148 մլն դրամ-խմբ․)։

Leave a Comment