Դեսպան․ 2026-ին Փաշինյանի Թեհրան այցի ժամանակ ակնկալվում է ռազմավարական փաստաթղթի ստորագրում

Դեսպան․ 2026-ին Փաշինյանի Թեհրան այցի ժամանակ ակնկալվում է ռազմավարական փաստաթղթի ստորագրում

12 փետրվարի 2026 – 10:28 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանն և Իրանը նախատեսել են համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականին Թեհրան նախատեսվող այցի ընթացքում։ Այդ մասին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտարարել է Իսլամական հեղափոխության 47-ամյակին նվիրված ընդունելության շրջանակում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ կողմերը նպատակադրել են իրենց համագործակցությանը տալ ինստիտուցիոնալ բնույթ և էապես ընդլայնել այն՝ հենվելով գործնական ճանապարհային քարտեզի վրա։ Դեսպանը ընդգծել է, որ երկու պետությունների հարաբերությունները հազարավոր տարիների պատմություն ունեն և ներկայումս հասել են զարգացման այնպիսի փուլին, երբ ղեկավարների միջև առկա փոխադարձ վստահությունը դարձել է ամենակարևոր ձեռքբերումը, հայտնում է Auroranews.am-ը:

Բացի այդ, նա կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը և տարանցիկ հնարավորությունների ընդլայնումը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերությունները հանդիսացել են կայունության ապահովման հիմնական գրավականը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված եղբայրական փոխհարաբերությունները հիմնված են անկեղծության, հարգանքի և վստահության վրա, հայտնում է Արմենպրեսը:

«Առկա քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերություններն օրեցօր զարգանում են՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։ Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարություններն ՝ ի սատարումն ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, հատկապես այն շրջանում, երբ տարածաշրջանային զարգացումների բերումով Հայաստանն իրապես ուներ նման աջակցության կարիք»,- ասել է նա։

Փոխվարչապետը հավելել է, որ անցած տարվա նշանակալի իրադարձություններից մեկը դարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած այցը, որի ընթացքում երկու պետությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

«Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերի քննարկման և համագործակցության զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար կարևոր հարթակ է մեր երկրների միջև գործող միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Որպես հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ՝ նշեմ, որ ուրախ կլինենք հանձնաժողովի հերթական նիստն այս տարի կազմակերպել Երևանում և հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին»,- նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համատեղ գործունեության արդյունքում հայկական կողմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Իրանի և Հայաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցության օրակարգը ներառել է լայն շրջանակի հարցեր՝ տնտեսական փոխգործակցությունից մինչև տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, շրջակա միջավայր և զբոսաշրջություն։

«Մենք վերահաստատում ենք, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման ու կայունության ամրապնդման»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

Շիրզոլամին նշել է, որ Իրանը շուրջ հինգ տասնամյակների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական, ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակութային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում։

«Թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին։ Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոքի ցույցերն ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար, սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր ու պատմություն կերտոող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ որոշները վտանգեն նրա անվտանգությունն ու ինքնությունը»,-ասել է նա։

Շիրղոլամին հիշեցրել է, որ այս տարի նշվում է ՀՀ-ի անկախության 35-րդ տարեդարձը, և հավելել է, որ Իրանն առաջին երկրներից մեկն է եղել, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։

«Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է։ Իրանի 150,000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այդ անքակտելի կապի մասին»,- ասել է Շիրղոլամին։

Նա հավաստիացրել է, որ Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ արձանագրվել է արդյունավետ ու ձեռքբերումներով հարուստ տարի։

«2025 թվականին երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով։ Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025 թվականի օգոստոսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան։ Բացի այդ, մեծ թվով փոխադարձ բարձրաստիճան այցեր են կատարվել տնտեսական, քաղաքական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը Իրանի նախագահի երևանյան այցի ընթացքում, հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում և հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հյուպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ թունելի նախագծի մրցույթում հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը «Իրան էքսպո 2025» ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը, հուսով ենք, կստորագրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականին Թեհրան կատարելիք այցի ընթացքում»,- նշել է դեսպանը։

Դիվանագետի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել է 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։

Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունն ու սիներգիան կարող է ծառայեցնել տարածաշրջանի զարգացմանն ու բարեկեցությանը»,- ասել է Շիրղոլամին։

Leave a Comment